ՀՀ-ն պատրաստ չէ, իսկ իշխանությունը պատրաստ է շատ բարձր գին վճարել հայ-թուրքական հարաբերությունների դիմաց
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:
-Պարոն Մայիլյան, այսօր Քիշնեւում կկայանա Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից եւ ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Երեւանի դիրքերը բանակցային ներկա փուլում:
- Ես առանձնապես ակնկալիքներ չունեմ երկու ղեկավարների միջեւ կայանալիք այդ հանդիպումից: Սակայն նման հանդիպումներն արդեն իսկ օգտակար են այն առումով, որ որոշակիորեն նվազեցնում են լարվածությունը տարածաշրջանում եւ շփման գծում դիպուկահարների ակտիվությունը: ԼՂ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է: Բոլորին է հայտնի, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: ՀՀ-ի համար դժվար է արդյունավետ դիվանագիտություն վարել` քաղաքական անկայունության, կիսաազատական տնտեսության եւ ժողովրդավարության պակասի պայմաններում: Իրավիճակի բարելավումը վերոնշյալ ոլորտներում եւ նախկինում չօգտագործված անհրաժեշտ պոտենցիալի օգտագործումը թույլ կտա Հայաստանին ամրապնդել բանակցային սեփական դիրքերը:
- Հայաստանը ակտիվ փուլում է թե ղարաբաղյան բանակցային գործընթացի, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոլորտներում: Տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ միջազգային կառույցներ հայտարարություններ եւ գնահատականներ են հնչեցնում ԼՂ խնդրի կարգավորման հնարավորությունների վերաբերյալ, մինչդեռ Ղարաբաղը լռում է: Ինչո՞վ է պայմանավորված ԼՂ-ի այս անտարբերությունը, ինչը, ի դեպ նշեմ` առնվազն զարմանք է առաջացնում Հայաստանում:
- Այն բանից հետո, երբ այս տարվա հուլիսին ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «Հիմնարար սկզբունքները», ԼՂՀ քաղաքական ուժերը, քաղաքացիական-հասարակական կառույցները եւ փորձագետները հանդես եկան բազմաթիվ հայտարարություններով` անընդունելի համարելով այդ սկզբունքները: Հայտարարություն տարածեց նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը, եւ դրանով իսկ արտահայտվեց արցախցիների բացասական վերաբերմունքը այդ սկզբունքների նկատմամբ:
Մեզ` արցախցիներիս, որպես հայ ժողովրդի մի մասի, մյուսներից ավելի քիչ չեն անհանգստացնում համազգային բնույթի այնպիսի խնդիրները, ինչպիսիք են` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այդ խնդիրները քննարկվում են մեր հասարակության շրջանում, ԶԼՄ-ներում ներկայացվել են առանձին քաղաքական գործիչների եւ հասարակական շրջանակների տեսակետներն ու գնահատականները: Բայց ես համաձայն եմ ձեզ հետ, որ հայ-թուրքական արձանագրությունների մասով ղարաբաղյան պետական կառույցների հրապարակային ռեակցիան բավարար չէ:
- Իսկ ինչպե՞ս են ԼՂ-ում վերաբերվում այն փաստին, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական Անկարան անընդմեջ հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ «Ադրբեջանի գրավյալ տարածքները չեն ազատվել»: Այսինքն` ԼՂ-ում ինչպե՞ս են գնահատում այն փաստը, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ԼՂ հակամարտության լուծման գործընթացները փոխկապակցվել են միմյանց եւ Թուրքիայի կողմից հստակ նախապայման է առաջ քաշվում:
- Թուրքիայի փորձերը` խառնվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում մշտապես բացասական վերաբերմունք է առաջացրել Ղարաբաղում: Չնայած, որ պաշտոնական Անկարան հակամարտության միջնորդ է հանդես գալիս` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն, սակայն նրա դիրքորոշումը մշտապես ադրբեջանամետ է եղել: Դա բացատրվում է նրանով, որ 1918թ.-ին նոր թուրքական պետության ստեղծումը Հարավային Կովկասում եղել եւ մնում է որպես թուրքական ծրագիր: Թուրքիայի պահանջները հայերի նկատմամբ` զիջել ղարաբաղյան տարածքները Ադրբեջանին հատկապես Արաքս գետի տարածքում, նշանակում է, որ այդ երկիրը շարունակում է ղեկավարվել պանթուրքիզմի հայեցակարգով: Այդ հայեցակարգը նոր չէ, եւ Թուրքիայի ձգտումը մեզ պետք է հասկանալի լինի: Բայց ես չէի ուզենա մեղադրել որեւէ մեկին այս կամ այն քաղաքականությունը վարելիս, մենք պարզապես պետք է կարողանանք սեփական արդյունավետ քաղաքականությունը վարել, որը կհամապատասխանի մեր ազգային շահերին:
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արդեն որերորդ անգամ անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացին մասնակցելու հարցին` փաստում են, որ հայկական կողմի պատճառով է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից: ԼՂ-ի իշխանությունները, եթե անկեղծ են իրենց հայտարարություններում, երբ նշում են, թե առանց ԼՂ-ի չի կարող կարգավորում լինել, ինչո՞ւ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում, պահանջներ չեն դնում Ս.Սարգսյանի առջեւ, ասենք` պաշտոնապես պահանջում, որ բանակցություններում ԼՂ-ի մասնակցության հարցը հստակեցվի:
- Ճիշտ կլիներ այդ հարցը ԼՂՀ ղեկավարությանը ուղղել, քանի որ ես այժմ չեմ աշխատում ԼՂՀ պետական կառույցներում: Սակայն որպես փորձագետ` ես ոչ մեկ անգամ հրապարակային առաջարկել եմ «ներհայկական» մի մեխանիզմ` տվյալ հարցը հստակեցնելու ուղղությամբ: Պարզապես անհրաժեշտ է, որ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները հստակեցնեն իրենց դերերը եւ իրավասությունները բանակցային գործընթացում: Այսինքն` այն սկզբունքային հարցերը, որոնք ԼՂՀ իշխանությունների կոմպետենտության շրջանակներում են` չպետք է քննարկվեն ոչ Հայաստանի իշխանությունների, ոչ միջնորդների, ոչ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Այդ դեպքում Ղարաբաղը կվերականգնի հակամարտող կողմի իր կարգավիճակը, որն, ի դեպ, սահմանվել է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի որոշումներում եւ այլ փաստաթղթերում: Այդ կերպ` օգտագործելով երկու հայկական պետությունների ներքին ռեսուրսները, կարելի է վերականգնել բանակցային խեղված ձեւաչափը:
- Պարոն Մայիլյան, կոնկրետ Մադրիդյան սկզբունքներին ԼՂ-ում ինչպե՞ս են վերաբերվում: Երբ խոսվում է ադրբեջանցիների ԼՂ վերադարձի կամ Լաչինի երկկողմանի օգտագործման պահանջների մասին, կամ` հիմա «գրավյալ հինգ շրջանների, հետո` մյուս երկուսի վերադարձի» մասին, այս ամենը ինչպե՞ս են գնահատում Արցախում: Որպես բանակցային երբեմնի կողմի` ԼՂ-ի համար ընդունելի՞ են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության այս «պտուղները»:
- «Հիմնարար սկզբունքների» նկատմամբ վերաբերմունքը բավական բացասական է, եւ այդ դիրքորոշումը արտահայտվել է: Չէի ցանկանա մտնել մանրամասների մեջ, կարող եմ ասել, որ Արցախում գիտակցում են, որ հակառակորդին տարածքների հանձնումը, որոնց վրա հայ ժողովուրդն ունի ինչպես իրավական եւ քաղաքական, այնպես էլ` պատմական իրավունքներ, հայ ժողովրդի համար կլինի ուժգին բարոյական հարված, որը նրան կարող է տարիներով զրկել տարածքների հանձնման նկատմամբ դիմակայության ազգային կամքից եւ սեփական պետականություն կառուցելու ձգտումից ու նպատակից: Կարծում եմ, որ հայ հասարակությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի իշխանությունները հետ կանգնեն ոչ միայն այդ սկզբունքները քննարկելուց, առավել եւս դրանք` որպես ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հիմք ընդունելուց:
- Մի քանի օրից կստորագրվեն Հայաստան-Թուրքիա նախաստորագրված արձանագրությունները: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ արձանագրությունները, Ղարաբաղում դրանց շուրջ ի՞նչ տրամադրություններ կան:
- Արձանագրություններում կան եւ բացասական, եւ դրական կողմեր: Հայտնի է, որ Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում հետեւյալ նախապայմաններն է դրել` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում` ադրբեջանական սցենարին համահունչ, Հայաստանի կողմից հայ-թուրքական ներկա սահմանների ճանաչում եւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից Օսմանյան Թուրքիայում իրականացված Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից հրաժարում: Եթե փաստաթուղթը դիտարկենք Անկարայի պահանջների տեսանկյունից, ապա այդ պահանջները հիմնականում արձանագրություններում արտացոլված են: Արձանագրություններում կա մի կետ, համաձայն որի` Հայաստանն ու Թուրքիան պետք է ճանաչեն գոյություն ունեցող սահմանները որպես պետական սահմաններ, այսինքն` Անկարայի նախապայմաններից մեկը բավարարված է: Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, ապա այդ պայմանը, թեեւ անուղղակի կերպով (առանց «ցեղասպանություն» տերմինի օգտագործման), այնուամենայնիվ ընդունված է: Պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծմամբ Թուրքիան ձեռք կբերի լրացուցիչ փաստարկներ այն երկրների խորհրդարաններում իրականացվող աշխատանքներում, որոնք պատրաստվում էին ճանաչել 1915թ. իրականացված ոճրագործությունը: Իսկ սա կհանգեցնի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի փաստացի «սառեցմանը»: Սրանք են արձանագրությունների բացասական կողմերը:
Իսկ որպես դրական կարելի է համարել այն, որ արձանագրություններում ղարաբաղյան խնդրի մասին ուղիղ հիշատակում չկա: Սակայն եթե ընդհանուր գնահատենք, ապա արձանագրություններն այս տեսքով ընդունել չի կարելի: Պետք է հրաժարվել նաեւ դրանց վավերացման գաղափարից: Արցախում եւ Հայաստանում հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր կարող են կասկածել հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությանը, բայց այստեղ կարեւոր է հարցի գինը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կընձեռի ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր մարտահրավերների առջեւ կկանգնեցնի: Չափազանց կարեւոր է, որպեսզի մինչեւ այդ բախտորոշ որոշումների ընդունումը` հայկական պետությունը պատրաստ լինի այդ մարտահրավերների դիմակայմանը: Այսօրվա դրությամբ թեեւ Հայաստանն այդ մարտահրավերներին պատրաստ չէ, սակայն Հայաստանի իշխանությունները կարծես թե պատրաստ են շատ բարձր գին վճարել հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունների դիմաց:

