ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՑՎԵՏԱՆԱ ՊԱՍԿԱԼԵՎԱՆ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 01-07-2009
Տեղադրվել է` 2009-07-01 00:58:55 (GMT +04:00)

ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» 24-րդ մրցանակի հանձնումը հուլիսի 3-ին
«Ազգ»-ն արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կարպիս Փափազյան» մրցանակի հանձնումը հայտնի բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող եւ հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւային: Ավստրիացի հայ բարերար Կարպիս Փափազյանի կողմից շնորհվող այս մրցանակը տրվում է այն օտարազգի մտավորականներին ու գործիչներին, ովքեր իրենց օժանդակությունն են բերում հայ ժողովրդի պատմության, մշակույթի, արվեստի տարածմանն ու Հայկական հարցի քարոզչությանը: 1988 թվականից այս մրցանակին են արժանացել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի 24 հայտնի մտավորականներ, այդ թվումՙ Թեսա Հոֆմանը, Հերման Գոլցը եւ Վոլֆգանգ Գուստը Գերմանիայից, Քրիստոֆեր Ոուքերն ու բարոնուհի Քերոլայն Քոքսը Մեծ Բրիտանիայից, Կիմ Բակշին Ռուսաստանից, Ահմադ Նուրիզադեն Իրանից, Իվ Թերնոնն ու Անդրե Սանտինին Ֆրանսիայից:
Ցվետանա Պասկալեւան 1991-1994-ին լինելով Լեռնային Ղարաբաղում, լուսաբանել է արցախյան հերոսամարտը, Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը: Նա առաջին արտասահմանցի լրագրողն է, որ «Օղակ» գործողության ժամանակ եղել է Շահումյանի շրջանում, հայ բնակչության դեմ կատարվող բռնարարքների, տեղահանության վերաբերյալ պատրաստել ռեպորտաժներ, դրանք ցուցադրել տարբեր երկրներում: Ռազմաճակատի թեժ կետերից հեռուստահաղորդումներ է պատրաստել CNN, NBC, բուլղարական ազգային, ռուսական, գերմանական, ֆրանսիական Antene-2 հեռուստաընկերությունների եւ Ռոյթեր գործակալության համար:
Ցվետանան ծնվել է բուլղարական Նովա Զագորա քաղաքում, 1984-ին ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը, ապա սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ասպիրանտուրայում:
Նա եղել է նաեւ Հարավային Օսիայում, ակտիվորեն լուսաբանել 1990-ի վրաց-օսական հակամարտությունը, նկարահանել 10 հեռուստառեպորտաժներ եւ «Հարավային Օսիա. երկու ժողովուրդների ցավը» վավերագրական ֆիլմը:
Նա նկարահանել է պատերազմական իրադարձություններին, արցախյան ազատագրական պայքարին նվիրված «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմըՙ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:
1991-1995-ին նկարահանել է «Հույսի բարձունքներ» (1991), «Կլինի՞ առավոտ Ղարաբաղում» (1992), «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ» (1993), «Ղարաբաղի վերքերը» (1994), «Իրենց հողի զինվորները» (1994), «Անդորր» (1995) ֆիլմերը, որոնք արժանացել են Ժնեւի (1992), Հոլիվուդի (1993), Օհայոյի, Վերմոնտի (ԱՄՆ, 1994) միջազգային կինոփառատոների մրցանակների: 2001-ին նկարահանել է Շուշիի ազատագրմանը նվիրված «Ոգի եւ հավատ» փաստավավերագրական ֆիլմը:
Հուլիսի 3-ի երեկոյի ընթացքում կցուցադրվի նրա «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ» ֆիլմը, իսկ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Ավետ Տերտերյանի թիվ 3-րդ սիմֆոնիան: Մրցանակը հանձնելու նպատակով Ավստրիայից Երեւան կժամանի «Կարպիս Փափազյանի» մրցանակի ժյուրիի ներկայացուցիչ, ճարտարագետ Ռազմիկ Հարթունյան-Թամազյանը, ինչպես նաեւ ներկա կգտնվեն ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ:
Ցվետանա Պասկալեւան 1993-94-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում, Կանադայի խորհրդարանում, ՄԱԿ-ում, «Միջազգային համաներում» եւ այլ կազմակերպություններում ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի: Ադրբեջանի իշխանությունները Պասկալեւային 3 անգամ հեռակա կարգով դատապարտել են մահապատժի:
2009-ի մրցանակը Ցվետանա Պասկալեւային է շնորհվել արցախահայության պայքարի ճշմարտացի եւ ամբողջական լուսաբանման իր քաջության, ինչպես նաեւ Հայաստանին անմնացորդ նվիրվածության համար:
1995-97-ին Հայաստանի ազգային հեռուստատեսությունում վարել է Արցախի անցյալին ու ներկային նվիրված «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ», 1998-2001-ին` Հայաստանի եւ ԼՂՀ խնդիրների շուրջը` «Ասպեկտ» հեղինակային հրապարակախոսական-վերլուծական հաղորդաշարերը: 2009-ից Հայաստանի Հանրապետության «Արարատ» հեռուստաալիքով եթեր է հեռարձակվում Պասկալեւայի «Ճառագայթ» նոր հեղինակային ծրագիրը:
Պասկալեւան Կինովավերագրողների միջազգային ընկերակցության (Լոս Անջելես, ԱՄՆ), Հայաստանի եւ Բուլղարիայի ժուռնալիստների միությունների, Հայաստանի եւ Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ է:
Պասկալեւային շնորհվել է Արցախի գրողների միության «Եղիշե» մրցանակ, պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով, Ղարաբաղի պաշտպանության բանակի գնդապետ է (1995):
